«Ղարաբաղն այլևս երբեք որևէ կարգավիճակով չի կարող մաս կազմել Ադրբեջանին». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածավալ ագրեսիայի, ակնհայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է...

Tert.am— Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածավալ ագրեսիայի, ակնհայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս նշեց, որ քանի դեռ չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի փոխել իր մտածողությունը, որ պետք է զենքի ուժով լուծել ԼՂ հարցը, Հայաստանը փոխզիջումների մասին չի խոսելու:

— Կառավարությունը հավանության արժանացրեց ԼՂ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի ԱԳՆ եզրակացությունը: Մի քանի անգամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր օրինագիծը, ստացել մերժում: Ինչո՞ւ այս անգամ եզրակացությունը հավանության արժանացավ:

— Մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ. Ադրբեջանը տապալել է խաղաղ բանակցային եղանակով խնդիրը կարգավորելու բոլոր հնարավորությունները՝ ունենալով եռակողմ համաձայնագրեր հրադադարի վերաբերյալ՝ իբրև միջազգային իրավունքի պարտավորություն: Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանը փորձ է արել սպառազինվելով, հայատյացություն ու թշնամանք հրահրելով՝ պատրաստվել ԼՂ-ն զենքի ուժով գրավելու քաղաքականությանը: Բոլորս գիտակցում էինք, որ այս ամենաթողությունը, երբ հստակ գնահատականներ չեն տրվում Ղարաբաղի քաղաքականությանը, մի օր կհանգեցնի նոր ագրեսիայի: Կրկնվեց այն, ինչ եղել էր 90-ականներին, ու ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը մտադրություն չունի բանակցային եղանակով կարգավորել հարցը: Իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի զենքի ուժով տեղահանել Ղարաբաղի ժողովրդին կամ բնաջնջել, մենք կպարտավորվենք համապատասխան քայլեր ձեռնարկել:

Կառավարությունն այսօր ընդամենը դրական պատասխան է տվել օրինագծի եզրակացությանը, իսկ սա նշանակում է մեկ բան, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել Ղարաբաղը ու արժանի հակահարված տալ: Սա նաև ազդանշան է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ այլևս անցյալում են ժանամակները, երբ երկու կողմերի միջև կարելի էր հավասարարության նշան դնել, ընդհանրական կոչերով հրադադար պահանջել: Ակնհայտ է մեկ բան. պետք է միջազգային հանրությունը ձեռնարկի կոնկրետ, հստակ քայլեր, ստեղծի երաշխիքներ, որ հրադադարը կպահպանվի: Այն հրադադարը, որի տակ ստորագրել է Ադրբեջանը:

-Այսինքն՝ կարծում եք, որ մինչ միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններ չհնչեցնի, չհանի հավասարության նշանը կողմերի միջև, բանակցությունները չե՞ն վերսկսվի:

— Ոչ միայն հասցեական հայտարարություններ պետք է արվեն, այլև՝ սահմանի ողջ երկայնքով տեղադրվեն հետաքննության մեխանիզմները, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով է խախտել, որ ժամին, որտեղ, որ դրան տրվի գնահատական: Նաև պետք է դիտորդական մեխանիզմ ստեղծել, որ հրադադարը պահպանվի, որ ուժի կիրառում չլինի: Կա երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի, սպառնալիքի կիրառության բացառում: Հիմնական խնդիրը՝ ուժի բացառումն է: Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածավալ ագրեսիայի, ակնհայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Այս փաթեթը պետք է ամբողջությամբ գործի, որ վստահ լինենք՝ կա խաղաղություն, կա հրադադար, որևէ մեկը չի հարձակվի: Ցավոք, Ադրբեջանը պատրաստ չէ դրան, ցավոք, Ադրբեջանը մերժել է միջազգային հանրության կողմից արված տրամաբանական բոլոր առաջարկները: Ցավոք, Ադրբեջանը 20 և ավելի տարիներ իր հանրությանը պատրաստել է պատերազմի, Ալիևը շարունակ խոսել է այն մասին, որ Հայաստանը թույլ է, տնտեսություն չկա, քայքայված է, որ մենք հզոր ենք, գերհզոր ենք, կարող ենք խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, բայց եկավ՝ քթին ստացավ, որևէ հաջողություն չունեցավ: Տեղի ունեցավ մի կարևոր բան. Ադրբեջանի սերունդը, որը տեղյակ չէր 90-ականների պատերազմից, հասկացավ, որ ալիևյան քարոզչությունը սին էր, դատարկ: Մարդիկ սկսելու են մտածել՝ մեզ ասում էին, որ կես ժամում կհաղթենք, կմտնենք Ստեփանակերտ, ի՞նչ է կատարվում: Պատահական չէ, որ ագրեսիայից հետո Ադրբեջանը ինքը դիմեց Մոսկվային՝ հրադադարի խնդրանքով:

— Կարծիքներ կան, որ 25 տարվա թեզերը, որոնք գոյություն են ունեցել հակամարտության կարգավորման հարցում, զրոյացել են ու անհրաժեշտ է բանակցություններին նոր թափ հաղորդել: Համաձա՞յն եք:

-Այն, որ մենք հակամարտության կարգավորման առումով առաջընթաց չունենք, ակնհայտ է: Բայց մեղադրել Մինսկի խմբին, սխալ է, որովհետև ՄԽ-ն միջնորդ է, որոշում չի կայացնում, առաջարկում է կողմերին: Եթե կողմերից մեկը մերժում է բոլոր առաջարկները, պատրաստվում է պատերազմի, սա ՄԽ մեղքը չէ: Ադրբեջանը պնդում է, որ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, որովհետև փորձում է հարցը տեղափոխել այլ հարթություն, օրինակ՝ ՄԱԿ, որտեղ իսլամական պետությունների ավելի մեծ թվաքանակ կա: Միակ ձևաչափը, սակայն, մնում է Մինսկի խումբը: Այո, Մինսկի խումբը պետք է աշխատի, բայց պարտադրելով ընդունել հրադադարի պահպանման մեխանիզմը:

Այո, իրավիճակ է փոխվել, այն, ինչ քննարկվել է տարիներ շարունակ, նույնը չի լինի, քանի որ Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, իսլամական պետության ոճով հանցագործություններ է կատարել:

— Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է եղել 2011թ.-ին հինգ տարածքները զիջել՝ ԼՂ կարգավիճակի դիմաց: Սակայն դա մերժվեց Ադրբեջանի կողմից: Երբ կողմերն առանցքային հարցում համաձայնության չեն գալիս, ի՞նչ ակնկալիք կարող է լինել բանակցություններից:

— Այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են եղել, բազմաթիվ կանխադրույթներ, նախնական տարբերակներ: Հայաստանը վերջին տարիներին այդ առաջարկների հետ կապված հայտարարել է, որ պատրաստ է դրանք բանակցությունների հիմք ընդունել: Դա չի նշանակում, որ այդ պայմաններն ընդունելի են եղել: Ամեն դեպքում, որպես հիմք մենք ընդունել ենք, իսկ Ադրբեջանը՝ մերժել է: Այո, կա լրջագույն խնդիր, բայց այն կարող է քննարկվել, երբ կա վստահություն, որ հրադադարը պահպանվելու է: Եթե Ադրբեջանը հրաժարվի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելուց, ապա վստահ եմ, որ բանակցությունները քայլ առ քայլ առաջ կգնան: Գուցե երկար ժամանակ կպահանջվի դրա համար, բայց դա կլինի: Պարզ է մեկ բան՝ ԼՂ-ն այլևս երբեք որևէ կարգավիճակով չի կարող մաս կազմել Ադրբեջանին: Սա Ադրբեջանում պետք է գիտակցեն:

Հարցազրույցն ամբողջությամբ` Tert.am-ի տեսանյութում

 

*

*