Ադրբեջանում զորավարժությունների անցկացումը ՝ որպես ներքաղաքական քարոզչություն․ մեկնաբանում է քաղաքագետը

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Ադրբեջանի զորավարժությունները անհանգստանալու առիթ չպետք է տան։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից հերթական զորավարժություններ անցկացնելու որոշումն անհանգստանալու առիթ չպետք է տա: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն տարի նման զորավարժություններ անցկացնում է, անգամ` տարվա մեջ մի քանի անգամ կարող են խոշորամասշտաբ զորավարժություններ անցկացնել:

«Նրանց նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանում դա որպես սպառնալիք դիտվի կամ մտահոգվելու առիթ լինի, սակայն, բնականաբար, կարծում եմ, որ պետք չէ անհանգստանալ. ընդհանրապես նման գործընթացները մեր հասարակության ուշադրությանը պետք է չարժանանան: Մեր մասնագետների և զինված ուժերի ուշիմությունը բավականին բարձր է»,- ասաց Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետն այն կարծիքին է, որ նման զորավարժությունների անցկացումը ներքաղաքական քարոզչական քայլ է, սակայն դրանով Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում նաև զինված ուժերի մարտունակությունը ստուգել: «Կարծում եմ, որ այս անգամ էլ փորձելու են նոր բաներ սովորել»,- նշել է նա:

 

*

*