Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է, քան` իշխանությունը. մեդիափորձագետ

«...հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները, պետք չէ թուլանալ»
karen-qocharyan

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ և կոշտ վերաբերմունք ունի արցախյան  հիմնահարցի լուծման վերաբերյալ, քան ներկա իշխանությունները:

«Վառ օրինակ Է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Երբ նա  իշխանության եկավ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արևմտյան ուժերի կողմից  աջակցություն ստացող անձ է, սակայն նա դարձավ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատյացն էր, և մեր հանդեպ ամենակտրուկ գործողություններ էր կազմակերպում»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց, որ նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն էր, բայց նրա պես հայատյաց անձի դժվար է գտնել:

«Այդպիսին են նաև իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լեյլա Յունուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման ջատագով»,-նշեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ պետք է բավականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

«Տարբեր միջազգային կազմակերպություններ շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հարցն արագ լուծվի: Բայց, հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները,  պետք չէ թուլանալ»,-եզրափակեց Քոչարյանը:

*

*