Սեյրան Օհանյան. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ճիշտը ջրի երես դուրս գա»

Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է, վստահեցրեց նախարարը։
seyran-ohanyan

Ադրբեջանական կողմն  առաջին հերթին պետք է պատասխան տա ահաբեկչական կազմակերպություններին հարիր այն պատերազմական հանցագործությունների համար, որոնք իրականացրել է Արցախի ժողովրդի դեմ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, թե հայկական կողմն Ադրբեջանի դեմ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել:

«Հայկական կողմից, պաշտպանության բանակի կողմից նույնիսկ հնարավոր ամեն ինչ արվել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը: Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմից զանգվածային զենք կիրառելու մասին խոսակցություններն ու լուրերը հերյուրանք են ու բացահայտ սուտ:

Սեյրան Օհանյանը նաև հավելեց, որ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցով ՊՆ-ն իրավապահ ոլորտի հետ աշխատանքներ է իրականացնում:

«Նախարարությունն արդեն համապատասխան նյութեր պատրաստել է և նշված գործընթացում իր դերակատարումն ունենալու է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ճիշտը ջրի երես դուրս գա»,- ասաց նախարարը:

Իսկ Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է:

«Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն  պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- նշեց Օհանյանը:

*

*