ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Բաքվում ունեցած հանդիպումների ընթացքում ընդգծել է...
handipum

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Բաքվում Ադրբեջանի նախագահի, Միլլի մեջլիսի նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ընդգծել է, որ այդ հարցում անհաջողության պարագայում կխաթարվի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի միջազգային հանրության և հակամարտող կողմերի առաջնորդների համար: Այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել է Մուտոնենը` հավելելով, որ առաջիկա ամիսներին նույն ուղերձը կփոխանցի երևանյան կողմին:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների ակտիվացումը: Նրա գնահատմամբ` հակամարտող կողմերի միջև կապերի ուժեղացումը կարող է նպաստել լարվածության թուլացմանը և համագործակցության հաստատմանը:

Քրիստին Մուտոնենը նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

*

*