Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «մայր գետից պոկվածների» մասին Սերժ Սարգսյանի ակնարկին

Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում՝ անդրադառնալով ՀՀԿ-ից հեռացողներին, ասել էր...
hovik serj

Էքսվարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու հարցի շուրջ նոր զարգացումներ են սկսվել։ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա անթաքույց ակնարկն՝ ուղղված հանրապետականից հեռացողներին, անպատասխան չի մնացել։

Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Իսկ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում՝ անդրադառնալով ՀՀԿ-ից հեռացողներին, ասել էր. «Առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար:

Գիտեք՝ մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու…»:

 

*

*