Հովիկ Աբրահամյանի գրառումները տխրեցրել են Արմեն Աշոտյանին

«Առվակագետային» հեռահար «փոխհրաձգությունը» շարունակվում է։ Խոսեց նաեւ Աշոտյանը։
hovik

Նախկին վարչապետ եւ արդեն թերեւս՝ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի հետ հեռահար բանավեճը շարունակվում է։ Սերժ Սարգսյանի ակնարկների՝ Աբրահամյանի պատասխանին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ:

Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ:

Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ո´չ մի մանդատ, ո´չ մի աթոռ, ո´չ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար:

Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան:

Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի»,- գրել է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովըն էլ  news.am-ին ասել էր:

«Կարդացի պարոն Աբարահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ  կան  նաեւ ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք  դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եւ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,-ասել է Շարմազանովը:

*

*