Նիկոլ Փաշինյանը եւ Վահրամ Բաղդասարյանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունենալու նաեւ խորհրդարանական մյուս ուժերի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները, բայց դեռեւս որեւիցե համաձայնություն չի կայացվել:

Անդրադառնալով առկա այն մտավախություններին, թե արտահերթ ընտրությունների արդյունքով կարող է մեկ կուսակցության գերիշխանությամբ խորհրդարան ձեւավորվել, վարչապետը նկատել է, որ նման բան չի կարող լինել, քանի որ գործող սահմանադրությամբ Ազգային ժողովի 1/3-ը պետք է բաղկացած լինի ընդդիմությունից:

Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռեւս ընթացքի մեջ են, վարչապետը նշել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները գործող ընտրական օրենսգրքի պայմաններում կարողացել են ազատ եւ թափանցիկ միջավայրում անցկացնել, ուստի առաջնահերթ է օրինական ընտրությունների անցկացման քաղաքական կամքը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունենալու նաեւ խորհրդարանական մյուս ուժերի հետ:

Վահրամ Բաղդասարյանն էլ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ, իսկ դրանց արդյունքում պետք է հանգել նրան, որ քաղաքական ուժերը բավարար ժամանակ ունենան արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար:

*

*