ԱՀ ԱԳՆ ղեկավարը ելույթով հանդես է եկել Ավստրալիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

Ցուցադրվել է «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը։
arcax-agn

Ավստրալիա աշխատանքային այցի վերջին օրը՝ օգոստոսի 3-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Մելբուրն։ Պատվիրակության անդամներն այցելել են Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հովիվ Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Մելբուրնի հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Ագինյան դպրոցներ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Հայ կենտրոնում տեղի է ունեցել արցախցի պաշտոնյաների հանդիպում Մելբուրնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը։

Հանդիպմանն ունեցած իրենց ելույթներում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին, անվտանգային, ներդրումային և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։

Բանախոսները շնորհակալություն են հայտնել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբին և բոլոր աջակիցներին՝ արդյունավետ և հաջողված այցի կազմակերպման համար:

*

*