Ժամկետային զինծառայողներ ունեցող ընտանիքները չպետք է վճարեն 1000 դրամները

Ընտանիքները, որոնք զոհված կամ հաշմանդամ զինծառայող ունեն, նույնպես կազատվեն այս պարտադիր վճարից:

«Ո՞վ իրավունք ունի առանց իմ համաձայնության կպչել իմ աշխատավարձին ու առանց իմ կարծիքը հարցնելու՝ իմ կողմից նվիրատվություն անել». ԱԺ-ում այսօր այսպես ձեւակերպեց Պաշտպանության նախարարը հանրային տրամադրություններն իր իսկ նախաձեռնած օրենսդրական փաթեթի նկատմամբ: Սա նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած առաջին նախագիծն էր: Ասաց՝ չի ուզել դրանով քաղաքական միավորներ շահել. փնտրել է ընդամենը 1 հարցի պատասխան.

«Արդյո՞ք մենք շարունակելու ենք զոհված զինվորին վճարել այն, ինչ մեր բյուջեն կարողանում է թույլ տալ, ե մենք փորձելու ենք նոր քաղաքակնոթւյուն որդեգրել այս հարցում»:

Գտնված նոր քաղաքականությունը նախատեսում է ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի պետությունից, անհատներից, հասարակական աջակցության տարբեր խողովակներից ստացվող ֆինանասական միջոցները: Դրանք որպես հատուցում կտրվեն այն զինծառոյողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել հայրենիքի պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում հերթապահություն կամ առաջադրանք կատարելու ժամանակ:

«Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 5 միլիոն դրամ, այնուհետեւ ամենամսյա վճարներ՝ 300 կամ 200 հազար դրամ»:

Հիմնադրամի միջոցները գոյանալու են հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, նաեւ՝ յուրաքանչյուր աշխատող անձի ամսական աշխատավարձից պահվող 1000-ական դրամներից: Կառավարությունում հաշվել են, որ այս վերջին՝ պարտադիր պահումներից կուտակվող գումարը տարեկան կկազմի մոտավորապես 4.5-5 միլիարդ դրամ: Հազար դրամների շուրջ վերջին օրերի քննարկումների արդյունքում, Պաշտպանության նախարարն ասաց՝ նախագծում գոնե երկու կետ պատրաստ են վերանայել.

«Իմ համար չափազանց տրամաբանական է, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային զինծառայողներ, չպետք է վճարեն այս գումարը: Ես անձամբ կողմ եմ, որ այս ուղղումը մտնի նախագծի մեջ»:

Ընտանիքները, որոնք զոհված կամ հաշմանդամ զինծառայող ունեն, նույնպես կազատվեն այս պարտադիր վճարից: Հատուցումը, եթե Աստված մի արասցե, դրա կարիքը լինի, նախատեսված է հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի համար: Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ նման խտրական մոտեցումը արդեն զոհվածների նկատմամբ արդար չէ.

«Ո՞նց կարելի է նման դիսկրիմինացիա թույլ տալ, ոնց կարելի է քաղաքացիներին զատել հերոսների ու չհերոսների»:

Հասկանալի, բայց ցավոտ հարցադրում է, ասաց Վիգեն Սարգսյանը: Պաշտոնավարում է ընդամնեը 1 ամիս, բայց ցավը զգացել է.

«Եթե դուք պարբերաբար եք այս խնդիրը զգում, ես դա զգում եմ ամեն օր: Ու եթե կարծում եք, որ Դուք նրանց մասին ինձանից մեկ վայրկյան ավել եք մտածում, ուրեմն ինձ չեք ճանաչում»:

Հունվարի 28-ից առաջ զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում կտրվի, եթե հիմնադրամում գումար ավելանա: Էդմոն Մարուքյանը հուշեց, թե այդ գումարը որտեղից կարող են գտնել:

«Պետեկամուտների կողմից կառուցված ուսումնական կենտրոնը վաճառվում է: Գումարը բերեք, դրեք հիմնադրամի դրամագլուխ, մեկ-երկու տարի 1000 դրամները հավաքելու կարիք չի լինի»:

«Միգուցե, եթե այդ կենտրոնը վաճառվի, դրա փողը կարելի է դնել որպես դրամագլուխ: Բայց դա առանձին քաղաքականություն է: Մինչեւ վաճառվի, մինչեւ որոշենք: Ես վստահ եմ, որ այդ վաճառքից գոյացած գումարն էլ շատ արդյունավետ կգործածվի»,- պատասխանեց նախարարը:

Ի դեպ, նախարարն արձագանքեց քննադատություններին, թե նախագիծը հապճեպորեն է բերեվել Ազգային ժողով, առանց հանրային լայն քննարկումների: Ասաց՝ չքննարկեինք այս՝ աշնանային նստաշրջանում, պիտի քննարկեինք արդեն նոր խորհրդարանում: Գարնանը քննարկելու ժամանակ չի լինի. նախընտրական շրջան է:

*

*