1000 դրամ վճարելու «պարտադիր» պահանջը կպահպանվի. նախագիծը հաստատվեց

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել
1000-dram

tert.am — ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ունենալով «1000 դրամի» նախագիծ անվանումն ստացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Նախ` հանձնաժողովի անդամները հաստատեցին բուն նախագծի իրականացման համար համալրվող  9 օրենքների նախագծերը: Այնուհետև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ, չնայած քննարկումներին, կներկայացվի պարտադիր սկզբունքը հաշվի առնելով:

Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած կարծում է՝ օրենսդրական նախաձեռնությունն իրոք անհրաժեշտություն է, բայց բայցեր կան: Նա նախ հարցրեց, թե ինչքան գումար է նախատեսում, որ կարող է հավաքագրվել այս օրենքի հետևանքով:

«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործեր և նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձել, և համակարծիք եմ, որ 200 հազարից ավելի ստացողներից ավելի գանձվի»,- ասաց նա:

Նախարար Սարգսյանը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ մոտ 4,5 մլրդ է դրված հնարավոր վճարումների գոյացման համար:

Նաև նշեց, որ կամավոր սկզբունքը քննարկել են, և մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ Նախարարը նշեց, որ եթե սկզբնական շրջանում կար  հասարակության վստահությունը հիմնադրամի նկատմամբ, վերջում արդեն այդ վստահությունը խաթարվեց:

Պաշտպանության նախարարն ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում  կամավոր սկզբունքով հաջողվել է  հավաքել  բուն գործունեության ընթացքում մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:

«Այսիքն երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի  անցել մոտ 7000 –8000 նվիրատուն»,-ասաց նա:

Նախարարը նաև փարատեց բոլոր նրանց անհանգստությունը, ովքեր հարցնում էին, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի գումարները:

«Այդ գումարներն անձենռնամուխ են, ինչպես կանոնադրությամբ է, և մայր գումարից ստացվող տոկոսները կարող են  կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»,- ասաց նախարարը:

«Դա բերել որպես անվստահության պատճառ՝ այդքան էլ լեգիտիմ չէր»,- ասաց նախարարը և բացատրեց, թե կան հարկատեսակներ, որոնք շահույթի համար չեն նախատեսվում:

«Հաշվի առնելով եղած փորձը և մեր առջև դրված խնդիրն, այն է՝ մարտական հերթապահության  զինծառայողների  սոցիալական պաշտպանվածության վիճակի բարելավումն է, մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել մոտեցումները, որոնք կան օրենքի նախագծում, և պարտադիր վճարը պահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել այդ հիմնադրամի միջոցների ծավալը»,- ասաց նա:

Հանձնաժողովը նախագիծը հաստատեց 4 կողմ 1 դեմ քվեարկությամբ:

*

*