Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին»
amn-despan-v-sargsyan-hamalsaran1

Փետրվարի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները: Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ռազմական համալսարանի ղեկավար կազմը, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` դեսպան Միլսը կարևորել է հանդիպումը և նշել, որ այն կօգնի ՀՀ ներկա և ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ: «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ և ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է դիվանագետը:

Քննարկման մասնակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի անվտանգային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Եզրափակելով քննարկումները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կարևորել է նման հանդիպումներն ու անկեղծ քննարկումները, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:

amn-despan-v-sargsyan-hamalsaran

*

*