ՀՅԴ-ն իր բոլոր տեսակետները պահպանում է՝ լինի ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն

«Մենք պետք է մտնենք դժվար գործերի մեջ: Դաշնակցությունը երբեք դժվարություններից չի խուսափել»,- նշել է Ռուստամյանը։
rustamyan
Դաշնակցությունը չի կարելի ընդդիմության կամ իշխանության պրիզմայով նայել, Դաշնակցությունն իր բոլոր տեսակետները պահպանել է` անկախ նրանից` ընդդիմության մե՞ջ է եղել, թե՞ իշխանության: Դրա մասին է խոսում մեր անցած ճանապարհը: Նման համոզմունք է այսօր ԱԺ-ում հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այն մաքսիմալիզմը, ոչ իրատեսկան խնդիրներն ու նպատակները, որ ձևավորել են ընդդիմադիր որոշ գործիչներ, մտահոգության տեղիք են տալիս։ Այդ պատճառով հենց ընդդիմությունն է այսօր դարձել անգործունյա»,- ասել է նա։
Հարցին` իբրև ընդդիմադիր` դո՞ւք էլ էիք անգործունյա, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք հաջողել ենք քառյակի մեջ մինչև այն պահը, երբ աշխատում էր մեր մարտավարությունը, երբ միասին տասներկու կետ էինք հրապարակել: Այդ կետերն այժմ մենք փորձում ենք իրականացնել այլ դաշտում»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի` քաղաքական կամքին վերաբերող բազմաթիվ ելույթներ են եղել, որոնք կյանքի չեն կոչվել, կա՞ երաշխիք, որ այս անգամ կյանքի կկոչվեն դրանք, տրվե՞լ են, արդյոք, երաշխիքներ, Ռուստամյանը պատասխանեց, որ, այո, տրվել են այդ երաշխիքները:
«Համաձայնագրի մեջ մի մասն արդեն երևում է, և ցանկություն ունեցողը կտեսնի: Գլխավորը քայլեր կան, որ պետք է կատարենք: Ես միշտ էլ ասել եմ, կողքից ինչ էլ ասես` կասեն, կհայհոյեն, բայց մեր ձեռքբերումներից կօգտվեն բոլորը»:
Ի՞նչ է նշանակում «վերանայել ՀՀ վարչատարածքային բաժանումը, ձևավորել կայուն զարգացում» բնորոշումը, որը ներառված է հուշագրում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանել է.
«Կբերվի հստակ ռազմավարություն: Մենք կարծում ենք, որ պետք է վերանայվեն բաժանումները` մարզերի հետ կապված, ճիշտ սահմաններ պետք է ունենանք, անցում պետք է կատարվի, և այդ անցումը կամաց-կամաց կատարվում է: Նոր ձևով ձևավորել ավագանիները, համայնքները և այլն: Սրանց մասին է խոսքը: Երևանում ընտրվում է ավագանի, որից ձևավորվում է քաղաքապետարանը, իսկ վարչական տարածքների ղեկավարները նշանակվում են: Ես կարծում եմ, որ 950 համայնքը փոքր երկրի համար շատ է, պետք է համայնքների քանակը կրճատվի»:
Հարցին, թե Շիրակի մարզն ընդդիմադիր հայացքներով է աչքի ընկնում, դժվար չի՞ լինի այնտեղ ղեկավարել, Ռուստամյանը պատասխանել է. «Փոքր Հայաստանում որևէ տեղ տարբերություն դնելը ճիշտ ճանապարհ չէ: Մենք պետք է մտնենք դժվար գործերի մեջ: Դաշնակցությունը երբեք դժվարություններից չի խուսափել: Շիրակում իսկապես լուրջ, կուտակված հարցեր կան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մեծ մասը Շիրակում է, և մենք, գիտակցելով, գնում ենք դրան: Ավելի լավ է մենք գնանք, ինչ-որ գործ անենք: Ժողովուրդը իմաստուն է և կտեսնի` ով է մտնում պատասխանատվության տակ»:

*

*