ՀՅԴ Բյուրոյում հյուրընկալել են ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը...

ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրին, ՀՅԴ-ի նպատակներին եւ դրդապատճառներին:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ կարեւորեց Ընտրական նոր օրենսգրքի մշակումը և դրա գործադրման ուղղությամբ միջազգային կառույցների աջակցությունը՝ բոլոր ուղղություններով։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և քաղաքացիական ինստիտուտների կայացումը, ներկայացրեց իր քաղաքական փորձառությունն այդ ոլորտում: Կարեւորեց նաև տնտեսության մեջ մրցակցային պայմանների անհրաժեշտությունը, ներդրումների ներգրավումը:
Կողմերն ընդգծեցին հանդիպումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությունը։

*

*