«Ժառանգության» ոչ բոլոր անդամները դեմ կքվեարկեն Թաթոյանին

Խորհրդարանում այսօր շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը։
AJ-kutakayin

Խորհրդարանում այսօր շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար զարուհի Փոստանջյանը թեեւ նախօրեին հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը, բայց այսօր նույն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու։

«Ձեր մանդատի լեգիտիմության համար անհրաժեշտ է, որ լայն աջակցություն ունենաք այս դահլիճում. Մեկ տարի հետո մենք չենք լինի, և Դուք ավելի քիչ կաշկանդված կլինեք»,- ասաց Արզումաննյանը եւ մաղթեց շուտափույթ թոթափում այն հնարավոր կաշկանդվածությունից, որը կարող է լինել:

ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Թաթոյանին եւ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ Թաթոյանը սպառիչ ներկայացրել է պաշտպանի գործունեության իր տեսալականը։ Միաժամանակ, Արծվիկ Մինասյանի կարծիքով, պաշտպանի ինստիտուտը չի կարող դիտվել մեկ անձի պարտավորություն։

«Հարցը պետք է դիտարկել համակարգային՝ խորհրդարան, գործադիր մարմին, հասակական կազմակերպություններ եւ այլն։ Սրանք մարդու իրավունքների պաշտպանի տարրերն են։ Եվ ձեր արդյունավետ աշխատանքը գնահատվելու է ոչ թե նրանով, թե ինչքա՞ն շատ բողոքողներ եք ստացել, այլ թե որքա՞նով ենք կարողացել կանխել մարդու իրավունքների խախտումները»,- ասաց Մինասյանը։

ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները ազատ են լինելու քվեարկության հարցում։ Այս մասին հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը։

Բիշարյանը վստահություն հայտնեց, որ Արման Թաթոյանը երկրում կուտակված հարցերը լուծելու համար հետեւողականորեն կգնա այն նախարարություններ, կթակի այն պաշտոնյաների դռները, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան էլ նկատեց, որ թեեւ Թաթոյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, բայց ընտրվելուց հետո լինելու է բոլորի պաշտպանը։

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը ընտրված կհամարվի, եթե ԱԺ պատգամավորների երեք հինգերորդը կողմ քվեարկի։ Թաթոյանին ընտրվելու համար անհրաժեշտ է լինելու 79 կողմ ձայն: Քվեարկությա արդյունքները պարզ կդառնան 14.30-ից հետո միայն։

*

*