Թուրքիայում լրտեսության մեջ մեղադրվող լրագրողներն այսօր ազատ են արձակվել

«Ջումհյուրիեթ»-ի հրապարակումների շարքը բացահայտել էր, որ Թուրքիայից մարդասիրական օգնության անվան տակ Սիրիայի ապստամբներին զենք ու զինամթերք է առաքվում:
turk

Թուրքական ընդդիմադիր «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը եւ թերթի՝ Անկարայի գրասենյակի տնօրեն Էրդեմ Գյուլը 3 ամիս ազատազրկման մեջ մնալուց հետո, այսօր ազատ են արձակվել:

Նրանք մեղադրվում են պետական գաղտնիքներ հրապարակելու, ինչպես նաեւ լրտեսության եւ ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

Փետրվարի 25-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ լրագրողներին կալանավորելով, խախտվել են նրանց անձնական ազատության եւ անվտանգության, խոսքի ազատության, ինչպես նաեւ մամուլի ազատության իրավունքները:

Բանտից դուրս գալուց հետո Դյունդարը հիշեցրել է, որ այսօր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծննդյան օրն է եւ իրենց ազատման մասին որոշումն «իրենք նվերն են անում նախագահին»:

«Ջումհյուրիեթ»-ի անցյալ տարվա մայիս ամսվա հրապարակումների շարքը բացահայտել էր, որ Թուրքիայից մարդասիրական օգնության անվան տակ Սիրիայի ապստամբներին զենք ու զինամթերք է առաքվում: Ջան Դյունդարի ստորագրությամբ հպարակվել էր հոդված, տպագրվել էին լուսանկարներ, որտեղ երեւացող արկղերը լի էին նռնականետերի եւ ականանետերի արկղերով: Թուրքիայի նախագահը շտապել էր հերքում տարածել եւ լրատվամիջոցի աշխատակիցներին մեղադրել լրտեսության մեջ: Նրանք կալանովորվել էին նախորդ տարի նոյեմբերին: Կալանովորման որոշումը թեեւ չեղյալ համարվեց, սակայն լրագրողների գործով դատավարությունը կսկսվի մարտի 25-ին:

*

*